Facebook սոցիալական ցանցի վիճակագրության համաձայն՝ ապրիլի դրությամբ Հայաստանից ցանցին միացած են 155.9 հազար օգտագործողներ։ Facebook-ցիների ընդհանուր թվաքանակով Հայաստանն աշխարհի 213 երկրների շարքում 122-րդն է՝ մեկ ամսվա ընթացքում իր դիրքերը բարելավելով մեկ հորիզոնականով։ Վերջին 1 ամսում Facebook-ին Հայաստանից միացել են 20.7 հազ. օգտագործող, աճը կազմել է 15,38 տոկոս:
Հայկական Facebook-ում կանայք կազմում են օգտագործողների 51 տոկոսը, իսկ տղամարդիկ՝ 49 տոկոսը։

Facebook օգտագործող հայաստանցիների մեծամասնությունը 18-24 տարեկաններն են (38 տոկոս), որին հետեւում է 25-34 տարիքային խումբը (30 տոկոս)։ 35-44 տարեկանները կազմում են օգտագործողների 10 տոկոսը։ 65-ից բարձր տարիքային խումբը սոցիալական ցանցի նկատմամբ անտարբեր է՝ օգտագործողների ընդամենը 2 տոկոսը։

Նշենք, որ Facebook օգտագործողների շարքում Թուրքիան 4-րդ հորիզոնականում է՝ 27, 9 մլն մարդ։ Վրաստանը գտնվում է 86-րդ տեղում՝ 562, 6 հազ. օգտագործող, Ադրբեջանը՝ 96-րդ տեղում (368 660 օգտագործող)։ Առաջատարն այս ցանցում ԱՄՆ-ն է՝ 155 մլն օգտագործող։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Հայաստանից ցանցին միացած էին 135.1 հազար օգտագործողներ, նոյեմբերին՝ 100 հազար, իսկ 2010 թ.մայիսին այդ թիվը չէր անցնում 55 հազարը: