Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը քննադատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոն Չինաստանում, ասյպես կոչված, թաց շուկաներում առեւտրի վերսկսմանն աջակցելու համար, հայտնում է Associated Press-ը: Nine Network հեռուստաալիքի եթերում հարցազրույցի ժամանակ Մորիսոնը ԱՀԿ-ի դիրքորոշումն «անհասկանալի» է անվանել:
«Անկեղծ ասած, ես սա անհասկանալի եմ համարում: Մենք պետք է պաշտպանենք աշխարհն այս տեսակի վիրուսների բռնկման հավանական աղբյուրներից: Դա չափից ավելի հաճախ է տեղի ունեցել: Ես բոլորովին տարակուսած եմ այս որոշումից»,- ասել է Ավստրալիայի վարչապետը:
ԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Չինաստանի «թաց շուկաները» չպետք է փակվեն` միաժամանակ շեշտելով, որ «թաց շուկաներում» չպետք է թույլատրվի կենդանիների ապօրինի վաճառք եւ իշխանությունները պետք է ապահովեն սննդի անվտանգության եւ հիգիենայի կանոնների պահպանումը:





























