Ոստիկանության Սեւանի բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալները իրացնելիս, խարդախություն կատարելու կասկածանքով ապրիլի 26-ին բերման են ենթարկել մի տղամարդու:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձը Երեւանի բնակիչ, նախկինում 4 անգամ խարդախության համար դատապարտված Արթուր Սանոյանն է:

Պարզվել է, որ 2010թ. օգոստոսի 4-ին Սանոյանը Սեւանի թերակղզում ամուսնանալու անվան տակ վերցրել է իր հերթական զոհի` Դիանայի ոսկյա ապարանջանն ու շղթան, որից հետո ամուսնական մատանիներ գնելու անվան տակ աղջկան ասել է թե գնում է Սեւան քաղաք: Մինչ այդ այդ Դիանան եւ Սանոյանը Սեւանի թերակղզու եկեղեցու քահանայի հետ պայմանավորվել են պսակադրության ժամի վերաբերյալ:

Սանոյանը մեկնում է Սեւան, ոսկերիչների մոտ ցույց է տալիս ոսկեղենն ու վերադառնում Երեւան: Տուժածը մի քանի ժամ սպասելուց հետո հասկանում է, որ իրեն խաբել են, եւ առանց ոստիկաններին դիմելու փորձում է  իր ուժերով հետ վերադարձնել կորցրածը:

Սեւանի ոստիկանությունը օպերատիվ տվյալ է ստանում եւ ձերբակալում Արթուր Սանոյանին: Նա այս պահին ցուցմունք է տալիս ոստիկանության բաժնում:

Ուշագրավն այն է, որ Դիանայի ոսկեղենը վերցնելուց առաջ նրանք հանդիպել էին Սեւանի «Կամբուզ» համալիրում, պայմանավորվել ամուսնության մասին, եւ Արթուր Սանոյանը համոզել է «ընտրյալին» իրեն տալ ապարանջանն ու շղթան, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ «հարուստ փեսա է ինքը»:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի