Պարզ է, որ եղել են գործնական տարաձայնություններ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ուղիղ տեսակապի ժամանակ Դանիայից հայտարարեց Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

Նա նաեւ տարաձայնությունների մի քանի օրինակներ բերեց. «Ես այս երկու տարում ոչ մի ինտրիգի մեջ չեմ մտել, կենտրոնացել եմ աշխատանքի վրա, բայց ճիշտ կլինի նշել մի քանի օրինակ: Մի խնդիրը հայեցակարգի մասով էր առաջացել, ինչպես պարոն Ճաղարյանը նշեց իր հարցազրույցում: Դա կապված էր նրա հետ, որ մեզ հանձնարարական էր եկել, որ պետք է համատեղ հայեցակարգ մշակենք ՀՀ-ի համար: Բայց պարոն Ճաղարյանի կողմից արդեն մշակված տարբերակը իր համար վերջնական տարբերակն էր: Երբ ասում էինք՝ եկեք համատեղ այդ ամենն անենք, ինքը մերժում էր, ասում էր՝ կամ իմ ձեւաչափով ենք աշխատում, կամ ոչ մի: Դա ինձ համար անընդունելի է: Հայեցակարգը շատ կարեւոր է, որը բերելու է նրան, որ ռազմավարություն է գրվելու պետության համար, այստեղ կարեւոր են բոլորի կարծիքները, թիմային աշխատանքը»:

Երկրորդ խնդիրը, ըստ Ռեւազյանի այն էր, որ Հակոբ Ճաղարյանն ասել է, որ երեք մասնագետ է առաջարկել իրենց, որ իրենք կարողանան պատրաստվել այդ այցին:

«Իրականում մենք կապի մեջ ենք եղել, ես ասել եմ, որ ուրախ ենք, ներկայացրեք, թե ինչ մասնագետների մասին է խոսքը, ես տեղյակ եմ, բոլորի ռեզյումեն տեսել եմ, բայց վերջին պահին որոշեցինք չներգրավել այդ երեք անձանց: Այդ որոշումը պարզ էր, մենք ունեինք երկու տարբերակ. Մի տարբերակը այն էր, որ երեք մասնագետ 7 օրով գալու էին Հայաստան, տպլու էին փաստաթղթեր, 30 հազար դոլար էինք վճարելու, եւ իրականում ոչ մի կոնկրետ հարց չէինք լուծելու: Իրականում թիմը, որ եկավ Հայաստան, ասաց՝ ինչ լավ է, որ դուք փաստաթղթր չեք տպել, որովհետեւ մենք դա շատ արագ կհասկանայինք եւ կնկատեինք: Որովհետեւ հիմնական խնդիրն այնքան փստաթղթերում չէ, որքան այն, որ մեր մասնագետները չեն կարողացել փաստաթղթերը պատշաճ բացատրել:

Միաժամանակ, այդ մասնագետները, որոնց առաջարկել էր պարոն Ճաղարյանը, իրենք քաղավիացիայի փորձ չունեին,. Իրենք հիմնականում ավիաընկերություններում են աշխատել, ավիաընկերություններին են աջակցել՝ վերացնել խնդիրները: Իսկ մենք այլ տարբերակ ունեինք, մի քանի ամսով ներգրավել մասնագետի՝ վճարել մեկ մլն դրամ, որը 20 տարուց ավել աշխատել է Հոլանդիայի քաղավիացիայում: Հաշվի առնելով մասնագետների փորձը, մեր որոշումը շատ պարզ էր»,-ընդգծեց Ռեւազյանը: