Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 27-ին ընդունել է բրիտանական «Արք» հրատարակչության տնօրեններ Թոնի Ուորդին, Անջելա Ջերմենին եւ գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին, ում ստեղծագործությունները հրատարակչությունը նախատեսում է թարգմանել անգլերեն եւ հրատարակել:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am_ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կարեւորում է բրիտանական հեղինակավոր հրատարակչության եւ նրա ղեկավարների գործունեությունը, ովքեր արվեստի, պոեզիայի նվիրյալներ են եւ մեծ աշխատանք են կատարում` այդ պոեզիան տարածելու, ավելի մեծ թվով մարդկանց հասցնելու համար:

«Մեր բարդ ժամանակներում, այս արագ փոփոխվող ու փոքրացող աշխարհում, երբ շատ պարագաներում շուկան ինչ-որ տեղ, միգուցե, խեղդում է մեծ արվեստը, իհարկե, ձեր նման նվիրյալների կարիքը մարդկությունն, իրոք, ունի»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նա ուրախությամբ է նշել, որ հայ պոեզիան եւս չի վրիպել հրատարակչության ուշադրությունից: Նախագահը հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում, անգլալեզու ընթերցողին կփոխանցվի ժամանակակից հայ պոեզիայի ամենավառ ներկայացուցիչներից  մեկի՝ Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունների ողջ ջերմությունն ու փիլիսոփայությունը:

Բրիտանական հրատարակչության  տնօրենները նշել են, որ մինչ այս ծանոթ չեն եղել Դավոյանի ստեղծագործություններին, սակայն դրանք ընթերցելուց եւ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսի հայկական տաղավարում բանաստեղծի մասին ավելին իմանալուց հետո, նրա ստեղծագործությունները հրատարակելու հստակ որոշում են կայացրել:  

Սերժ Սարգսյանը հրատարակչության ղեկավարներին առաջարկել է հանդիպել ՀՀ մշակույթի նախարարի հետ եւ քննարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թվականին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երեւանում անցկացվելիք միջոցառումների շրջանակում համագործակցության հնարավորությունները:

Նկատի առնելով, որ «Արք» հրատարակչությունն ունի նաեւ առանձին երաժշտագիտական գրականության շարք՝ Հանրապետության ղեկավարի երկրորդ առաջարկը եղել է Կոմիտասի կյանքի եւ ստեղծագործական ուղու մասին անգլերեն գիրք հրատարակելու վերաբերյալ: