Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի համաճարակի լուրջ հետեւանքներ է կանխատեսում տնտեսության վրա: Այս մասին նա հայտարարեց ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսին: Հիշեցնենք, որ նախնական արդյունքներով, Հարությունյանը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Ըստ Հարությունյանի կանխատեսումների` համաճարակը կարող է ոչ թե ուղղակի ճգնաժամի վերաճել, այլ` տնտեսական աղետի: Հարությունյանը հիշեցրեց, որ տնտեսագետներն արդեն հայտարարում են սպասվող պարենային դեֆիցիտի մասին, ընդ որում` ոչ միայն աղքատ երկրներում, այլ` այնպիսի երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է: Դիմակայելու համար, ըստ Հարությունյանի, համայն հայությունը պետք է միավորվի: Համախմբվել հարկավոր է ՀՀ իշխանությունների շուրջ, քանի որ հիմնական պատասխանատվությունը նրանք են կրում, ասաց Արցախի փաստացի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով` քաղաքական չարախնդությունն ու այլակարծությունն այս իրավիճակում վտանգավոր են:
Պատասխանելով հարցին` արդյոք իրենք իրենց մեղավոր կզգան, եթե պարզվի, որ մարդիկ, այնուամենայնիվ, վարակվել են ընտրատեղամասերում, Հարությունյանը միանգամից հիշեցրեց, որ իրավիճակն ինքը չի գնահատել: «Կա շտաբ եւ պարետատուն: Նրանք տալիս են գնահատականը»,- հայտարարեց Հարությունյանը: Եվ ընտրությունները հետաձգելու կոչեր անողների հասցեին հավելեց, որ եթե նրանք այդքան մտագոված էին, պետք էր այլ կոչեր անել, միջոցների խստացում պահանջել` չսահմանափակվելով հետաձգելու պահանջով: «Խանութները, փողոցն ու շուկաներն ավելի վտանգավոր են, քան ընտրատեղամասերը: Բայց ավելի խիստ միջոցներ ձեռնարկելու կոչեր չկան: Բոլորին հետաքրքրում են միայն ընտրությունները: Ընտրատեղամասերում գոնե իրավիճակը վերահսկում էր: Թե որքանով դա հաջողվեց` չգիտեմ: Անհանգստացեք սննդի խնդրի համար», խորհուրդ տվեց Արայիկ Հարությունյանը:











