Վանաձորի Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Վահագն Ավետիքյանի մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը (обширный инфаркт): Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց դպրոցի տնօրեն Լյովա Բարոյանը, նշելով, որ նման եզրակացություն է տվել դատաբժշկական փորձաքննությունը: Ըստ դպրոցի տնօրենի` 14-ամյա աշակերտն ավելորդ քաշի խնդիր է ունեցել` քաշը վերջին մեկ տարում եղել է 90-100 կիլոգրամ:

Ավետիքյանը, ինչպես արդեն հայտնի է, մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին:
«Այդ օրը, ըստ դպրոցական ծրագրի, երեխաները պետք է վազեին հինգ շրջան: Ուսուցիչ Լեւոն Հովհաննիսյանը նրան ասել է` ուզում ես վազի, ուզում ես` մի վազի: Երբ սկսել է նախավարժանքն ու բոլորն սկսել են վազել, նա եւս փորձել է միանալ ընկերներին` սկսելով դանդաղ վազք անել: Վազել է առաջին շրջանը, որը 200 մետր է, եւ սկսել է վատանալ: Ուսուցիչն ասել է` դուրս արի, դուրս արի…Նա էլ, մինչեւ փորձել է դուրս գալ շարքից, ընկել է եւ տեղում մահացել»,-պատմեց տնօրենը:

Ըստ դպրոցի տնօրենի` երեխան ֆիզկուլտուրայի դասերին մասնակցել է իր ցանկությամբ: Ուսուցիչը, որը երեխային շուրջ 5 տարի դասավանդել է, չի հարկադրել մասնակցել իր դասերին` նկատի ունենալով նրա ավելորդ քաշը: Նա նաեւ նշեց, որ երեխայի ծնողները երբեւէ չեն դիմել դպրոցի տնօրինությանը` երեխային ֆիզկուլտուրայի դասաժամերից ազատելու խնդրանքով:

Բացի այդ, ըստ Բարոյանի, նրա բժշկական փաստաթղթերում գրված է եղել` առողջ է: «Բայց, դասարանցիների, շրջապատի մարդկանց պատմելով Վահագնը դժվարաշարժ էր, երբեմն դժվարացել է շքամուտքով բարձրանալ, շնչառության խնդիրներ է ունեցել:
Լյովա Բարոյանը վստահեցրեց, որ դպրոցի աշակերտներն, ըստ կարգի, բուժզննություն են անցնում: Վերջին անգամ բուժզննության են ենթարկվել մի քանի ամիս առաջ` հոկտեմբերին` Վանաձորի «Գուգարք» պոլիկլինիկայում: «Զննությունից հետո նրա բժշկական փաստաթղթում գրված է` առողջ է»:

Դպրոցի տնօրենը հայտնեց, որ մահացած աշակերտի ծնողները «շատ լավ, հասկացող մարդիկ են», եւ իրենց երեխայի հետ պատահած դժբախտ դեպքի հարցում ֆիզկուլտուրայի ուսուցչին չեն մեղադրում: «Այսօր էլ քննիչները հանդիպել են ուսուցչին, նա շատ վատ է տանում իր աշակերտի կորուստը: Մայրն ասաց, ընկե’ր Հովհաննիսյան, դուք մեղք չունեք, մի նեղվեք»:

Ինչպես հայտնեց դպրոցի տնօրենը, Վահագն Ավետիքյանը դպրոցի դասերից դուրս հաճախել է սպորտ դպրոց` զբաղվել բռնցքամարտով: Ծնողները հայտնել են, որ պարապմունքներն անցել են մեծ ծանրաբեռնվածությամբ, ինչն էլ, ըստ նրանց, հավանաբար, դարձել է երեխայի մահվան պատճառ:

Փաստ է, որ առայժմ որեւէ մեկին երեխայի մահվան հարցում մեղադրանք չի առաջադրվել:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Դպրոցներում երեխաների բուզննության որակի մասին տեղեկանալու համար NEWS.am-ը զրուցեց նաեւ «Երեխաների իրավունքների պաշտպանության բարեգործական հիմնադրամ»-ի նախագահ Կարինե Անտոնյանի հետ: Նա նշեց, որ դպրոցներում երեխաների բուժզննությունն իրականացվում է շատ ցածր մակարդակով: Բուժկետերում, նրա խոսքով, նստած է ոչ թե բժիշկ, այլ բուժքույր, որի առաքելությունը երեխային ոտքին կամ ձեռքին քերծվածք առաջանալու դեպքում յոդ քսելն է կամ դեղ տալը, եթե երեխայի գլուխը կամ փորն է ցավում:

«Մեր կազմակերպությունն այդ խնդիրը բարձրացրեց ԱԺ-ում, որից հետո երեխաներին տարին մեկ անգամ դպրոցներից սկսեցին ուղարկել պոլիկլինիկաներ, որտեղից երեխաները բերում են իրենց առողջության հետ կապված թղթեր:

Ուշագրավ է, որ մինչեւ 15 տարեկան երեխաները կադիոգրամմա չեն անցնում, ստուգվում են մակերեսորեն: Նրանցից արյուն են վերցնում եւ փաստաթղթերում գրում, որ երեխան կարող է զբաղվել ֆիզկուլտուրայով»,-նշեց Անտոնյանը:

Նրա խոսքով` նման որակի հետազոտությունը ոչ միայն բավարար չէ, այլ նաեւ կարող է անկանխատեսելի հետեւանքերի բերել: «Երեխան կարող է մասնակցել ֆիզկուլտուրայի դասին, «կրոս» վազել ու դրա հետեւանքով կարող է նրա ճնշումը բարձրանալ կամ սիրտը կանգ առնել: Եղել են դեպքեր, երբ երեխան ուշաթափվել է, գիտակությունն է կորցրել եւ պարզվել է, որ նա սրտի խնդիր ունի»,-նշեց NEWS.am-ի զրուցակիցը:

Նրա ներկայացմամբ, ֆիզկուլտուրայի դասերին ուսուցիչներն առանց երեխայի կամ նրա ծնողների համաձայնության ու թույլտվության` վազեցնում են, եւ ստիպում են «ժիմ» եւ այլ վարժություններ անել:

Մեծ է նաեւ ծնողների մեղավորությունը, ովքեր իրենց երեխային այս կամ այն սպորտաձեւի են տանում`առանց մտածելու, որ երեխայի ֆիզիկական պատրաստվածությունն ու առողջությունը կարող է թույլ չտալ տվյալ սպորտով զբաղվել: «Երեխաների իրավունքների պաշտպանության բարեգործական հիմնադրամ»-ի նախագահը նշեց, որ վանաձորցի աշակերտի մահվան պատճառ դժվար թե լիներ նրա գերհոգնածությունը: «Ստացվում է, որ ոչ ոք երեխայի մահվան հարցում որեւէ մեկը մեղք չունի՞:

Տվյալ դեպքում մեղավոր է սպորտդպրոցի տնօրինությունը, մասնավորապես` երեխայի մարզիչը, ով առանց համապատասպան բժշկակական փաստաթղթի իրավունք չուներ երեխային ընդունել դպրոց: Ընդունելու դեպքում էլ նա պարտավոր էր ամիսը մեկ անգամ նրան տանել ամբողջական բուժզննության` ստուգելով նրա սիրտը, թոքերը եւ այլն: Քանի որ սպորտը շատ մեծ ծանրաբեռնվածություն է ենթադրում, ուստի ամեն պահ կարող է երեխայի սիրտը չդիմանալ եւ ողբերգական հետեւանքների բերել»,-նկատեց Անտոնյանը: Նա նաեւ ընդգծեց, որ մահացած երեխայի մարզիչը պետք է դեպքի հետ կապված քննություն իրականացնող մարմնին ներկայացնի բժշկական համապատասպան փաստաթղթերը եւ ցույց տա, թե քանի՞ անգամ է նրան զննել տվել եւ ինչ եզրակացություն են տվել բժիշկները: «Այդ ժամանակ ամեն ինչ ջրի երես դուրս կգա»,-ասաց Անտոնյանը:

Հեղինե Մանուկյան