Հայաստանի կառավարությունը պլանավորում է օգնել բանկերին գյուղատնտեսական վարկերի տրամադրման հարցում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ապրիլի 15-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով գյուղատնտեսական արտադրողներին երաշխիքներ տալու մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։

Պատգամավորը, մասնավորապես, առաջարկեց երաշխավորել պետության կողմից արտադրվող ապրանքների գնումը։ Դա, նրա կարծիքով, թույլ կտա նվազեցնել բանկերի համար ռիսկերը գյուղատնտեսական վարկերի տրամադրման հարցում։

«Մթերային անվտանգության թեմայով մենք մի քանի անգամ քննարկումներ ենք անցկացրել եւ արձանագրել ենք, որ բավական մեծ միջակայքով Հայաստանում կա ինքնաբավության բարձր մակարդակ»,- ընդգծեց վարչապետը։

Բացառություն, նրա խոսքերով, կազմում է ցորենը։ Փաշինյանը նկատեց, որ դեռեւս մեկ ամիս առաջ իշխանությունները քննարկել են այդ հարցը, եւ մասնագետները եկել են այն եզրակացության, որ ցորենի ցանքսը գարնանն այդքան էլ արդյունավետ չէ։ Հետեւաբար, ինչպես կարծում է վարչապետը, պետք է կենտրոնանալ աշնանացան ցորենի վրա։

«Իշխանությունները ձեռք են բերում բոլոր հնարավոր սննդամթերքները, այդ թվում բանակի կարիքների համար՝ տեղական արտադրողներից»,- նշեց կառավարության ղեկավարը։

Անդրադառնալով Բագրատյանի կոնկրետ առաջարկությանը՝ Փաշինյանն ասաց, թե իրենք մտածում են մեծացնել հայ ֆերմերների համաֆինանսավորման բաղադրիչը։

«Պետությունը կասի, ենթադրենք վարկի 10-20-30 տոկոսը տալիս եմ ես։ Մենք բանկի հետ կկիսենք ռիսկերը»,- հայտարարեց վարչապետը։

Ընդ որում, նա չբացառեց, որ ցորենի հարցում կդրվի ռազմավարական պահեստավորման խնդիր, եւ պետությունը կգնա այդ ճանապարհով։