Մենք կարողացել ենք այս ժամանակահատվածում պատշաճ գնահատել կորոնավիրուսով պայմանավորած՝ աշխարհում տիրող իրավիճակը՝ օգտագործելով բոլոր հնարավոր աղբյուրները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին՝ թե արդյոք ԱՀԿ-ի մեզ տված ցուցումները ճիշտ են եղել։

«Երեկ Թրամփը քննադատել է ԱՀԿ-ին եւ սառեցրել ԱՄՆ աջակցությունը, ասելով, որ ԱՀԿ-ն ճիշտ ցուցումներ չի տվել ԱՄՆ-ին։ Կարո՞ղ է՝ մեզ էլ են սխալ ցուցումներ տվել, որի պատճառով սկզբից դուք ասում էիք, որ վիրուսն այդքան էլ վտանգավոր չէ, հետո քաղաքականությունը արմատապես փոխվեց»,- հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան Արսեն Թորոսյանը նշեց, որ Հայաստանը հանդիսանում է ԱՀԿ անդամ եւ ինչպես մենք ենք ստանում աշխարհում տիրող իրավիճակի մասին ինֆորմացիա, այնպես էլ կիսվում ենք մեր ունեցած ինֆորմացիայով։ 

«Մենք ունենք նաեւ այլընտրանքային աղբյուրներ մեզ տրված ինֆորմացիան գնահատելու համար։ Դրանք մեր դիվանագիտական ներկայացուցչություններն են տարբեր երկրներում․ օրինակ՝ հենց հիմա ես ամենօրյա կապի մեջ եմ Իրանում մեր դեսպանի հետ, պարտադիր չի՝ միայն ԱՀԿ-ից ստանամ ինֆորմացիա, թե ինչ է տեղի ունենում Իրանում։ Ես համարում եմ, որ մենք կարողացել ենք այս ժամանակահատվածում պատշաճ գնահատել աշխարհում տիրող իրավիճակը օգտագործելով բոլոր հնարավոր աղբյուրները»,- ասաց նախարարը՝ նշելով, որ հենց վաղն էլ քննարկում է տեղի ունենալու ԱՀԿ անդամ 53 երկրի ներկայացուցիչների միջեւ։