Հայաստանի իշխանությունները արտակարգ դրության ներկա պայմաններում քննարկում են Հայոց ցեղասպանության սգո միջոցառումները, որոնք պետք է կայանան ապրիլի 24-ին։ Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հարցին։
Պատգամավորի խոսքերով՝ քանի որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական երթը քիչ հավանական է թվում, առաջարկում է ապրիլի 24-ին երկրի բոլոր եկեղեցիներում հնչեցնել հիշատակի զանգեր, իսկ բնակիչներին՝ դուրս գալ բակեր եւ պատշգամբներ ու մեկ րոպե լռությամբ հարգել եղեռնի զոհերի հիշատակը։
Նախարարն, ի պատասխան, ասաց, որ բոլոր առաջարկությունները կքննարկվեն որպեսզի պատշաճ կերպով անցկացվի անմեղ զոհերի հիշատակի ազգային օրը։
«Շուտով մենք հանդես կգանք հայտարարությամբ այն մասին, թե ինչպես կանցկացվեն միջոցառումներն այս տարի»,- հայտարարեց նախարարը։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Հայաստանը եւ ամբողջ աշխարհի հայերը նշում են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։




























