Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կդիմի այլ երկրներին՝ խնդրելով օգնել լրացնել կորոնավիրուսին արձագանքման իրենց աշխատանքում ֆինանսավորման ցանկացած բացթողումներ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կդադարեցնի ֆինանսավորումները, հայտնում է CNBC-ն։

«Ամերիկայի Միացյալ նահանգները ԱՀԿ-ի վաղեմի եւ առատաձեռն բարեկամն է, եւ մենք հուսով ենք, որ այսուհետ եւս այդպես կլինի։ Մենք ցավում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու Միացյալ Նահանգների նախագահի որոշման համար»,- մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը Covid-19 համավարակին կազմակերպության արձագանքման հետաքննության ընթացքում։ Նրա խոսքերով՝ վարչակազմը կանցկացնի «մանրամասն» հետաքննություն, որը 60-90 օր կտեւի։

ԱՀԿ ներկայացուցչի խոսքերով՝ 2019թ․ ֆինանսական տարում ԱՄՆ-ը ԱՀԿ-ին մոտ 237 մլն դոլար է տրամադրել, ինչպես նաեւ լրացուցիչ 656 մլն դոլարի կամավոր մուծումներ է կատարել։

Գլխավոր տնօրենը նշել է, որ կազմակերպության առաքելությունն այն է, որպեսզի բոլոր քաղաքացիների հետ «միատեսակ» աշխատի՝ անկախ բնակչությւունից եւ տնտեսությունից։ Նա ասել է, որ համավարակի դեմ պայքարի ԱՀԿ գործունեության արդյունքները ուսումնասիրվել են անդամ-պետությունների կողմից, որպեսզի ապահովվի «լիակատար թափանցիկություն եւ հաշվետվողականություն»։

ԱՀԿ-ն հունվարի կեսին սկսել էր տագնապ հնչեցնել Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման մասին։ Հունվարի 30-ին, երբ 18 երկրներում գրանցվել էր ընդամենը 8.200 դեպք, Covid-19 համաճարակը հռչակվել էր գլոբալ արտակարգ իրավիճակ առողջապահության ոլորտում։