Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը շարունակվի: Համապատասխան հայտարարությունը նա արել է հինգշաբթի օրը Կոպենհագենում կայացած ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվում էր Facebook-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միացյալ Նահանգները երկար ժամանակ աջակցել են ԱՀԿ-ին, եւ ես մեծ հույս ունեմ, որ ապագայում դա կշարունակվի,- ասել է նա:- Մենք ուսումնասիրում ենք ֆինանսական իրավիճակը, բայց ներկայումս գտնվում ենք [կորոնավիրուսին հետ կապված] ճգնաժամի մեջ, եւ մեր ուշադրությունը կենտրոնացած է կյանքերի փրկության վրա»,- շեշտել է Կլյուգեն:
Նա հայտնել է, որ ԱՀԿ-ն արդեն «որոշակի խոստումներ» է ստացվել աջակցության վերաբերյալ: Ըստ նրա` ԱՀԿ-ին աջակցություն են հայտնել ոչ միայն եվրոպական երկրները, այլեւ այլ տարածաշրջանների պետություններն ու այդ երկրների բնակիչները: Միևնույն ժամանակ, Կլյուգեն չի թաքցրել այն փաստը, որ ներկայիս պահը «լավ պահ չէ` ֆինանսավորման դադարեցման համար»: «ԱՄՆ մասնաբաժինը ԱՀԿ-ի բյուջեի մոտ 15 տոկոսն է կազում, դա մոտ 400 միլիոն դոլարի վճարում է: Ներկայումս փորձագետներն ուսումնասիրում են ֆինանսական իրավիճակը»,- ասել է նա: Եվրոպական բյուրոյի ղեկավարը հավաստիացրել է, որ այս իրավիճակում ԱՀԿ-ն հավատարիմ է մնում համաճարակի դեմ պայքարին եւ մարդկանց օգնության ցուցաբերմանը:
Չորեքշաբթի ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը ափսոսանք էր հայտնել ԱՀԿ-ում ներդրումները դադարեցնելու մասին ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: Նա կոչ էր արել պահպանել կազմակերպության միասնությունը համաճարակի դեմ պայքարի համատեքստում: Ըստ գլխավոր տնօրենի` ԱՀԿ-ն ներկայումս ուսումնասիրում է Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորումը կասեցնելու հետեւանքները: Այն մտադիր է աշխատել իր գործընկերների հետ` « ֆինանսական բացերը ծածկելու» խնդրի շուրջ, որոնց այն կարող է բախվել` «շարունակական աշխատանքի ապահովման համար»:
Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է ֆինանսական աջակցությունն ԱՀԿ-ին: Ըստ նրա` գումարները չեն փոխանցվի «այնքան ժամանակ, քանի դեռ չի գնահատվել կազմակերպության դերը կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները թաքցնելու գործում»:
Կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում, իսկ ավելի ուշ տարածվել է շատ երկրներում: Մարտի 11-ին ԱՀԿ-ն այն որպես համաճարակ էր ճանաչել:





























