Եվրամիության երկրները, որոնք օգտագործում են կորոնավիրուսի տարածումը զսպելու համար բջջային հավելվածներ, պետք է ապահովեն դրանց համապատասխանությունը գաղտնիության կանոններին եւ խուսափեն գտնվելու վայրի մասին անձնական տվյալների օգտագործումից։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը։

Խորհրդատվությունները հանդիսանում են COVID-19-ի դեմ պայքարի տեխնոլոգիաների օգտագործման միասնական եվրոպական մոտեցման մաս եւ ընդունվել են այն բանից հետո, երբ ԵՄ մի քանի երկրներ թողարկել են հավելվածներ, որոնք քննադատության են արժանացել տվյալների գաղտնիության ոլորտի ակտիվիստների կողմից։

«Գաղտնիության հանդեպ նախազգուշական հուսալի միջոցառումները այդ հավելվածների օգտագործման եւ, հետեւաբար, դրանց օգտակարության նախապայմանն են»,- հայտարարել է թվային տեխնոլոգիաների հարցերով եվրահանձնակատար Թյերի Բրեթոնը, հայտնում է Reuters-ը։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ բջջային հավելվածները պետք է հավանության արժանանան առողջապահական պետական մարմինների կողմից, կամավոր ներբեռնվեն եւ հեռացվեն, ինչպես նաեւ պետք է հիմնվեն անանուն տվյալների վրա։