Այս պահի դրությամբ Հայաստանի բանկերն աշխատում են ծայրահեղ գերծանրաբեռնվածության  պայմաններում: Աշխատակիցներից շատերն աշխատում են տնից: Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստին Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում թեկնածությանը հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի կողմից այս պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Մարտին Գալստյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին:

Պատգամավորը, մասնավորապես, մտահոգություն հայտնեց առ այն, որ առեւտրային բանկերի կողմից գյուղատնտեսական վարկերի տրամադրումը ուշանում է: Ի պատասխան` Գալստյանն ասաց, որ այս պահին բանկերը մոտ 525 հազար վարկ են վերանայել եւ հետաձգել: «Վերանայված վարկերից 514 հազարը վերաբերում են ֆիզիկական անձանց: Ըստ մեր գնահատականների` դա մոտ 380 հազար մարդ է»,- ընդգծեց թեկնածուն:

Ինչ վերաբերում է բանկերի միջոցով իրականացվող կառավարական ծրագրերին, Մարտին Գալստյանը նշեց, որ միջոցառումների երկրորդ փաթեթի շրջանակներում 1126 վարկային հայտ է հաստատվել: Ընդհանուր առմամբ, ըստ ֆինանսիստի, առաջին եւ երկրորդ փաթեթների համար ընդհանուր 12 միլիարդ դրամ է հատկացվել: