Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ տեսակոնֆերանսների համար Zoom ծրագրային ապահովումն «անվտանգ հարթակ չէ»` միանալով այլ երկրներին, որոնք մտավախություն են հայտնել հավելվածի անվտանգության կապակցությամբ, որը չափազանց տարածված է դարձել ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման ընթացքում, փոխանցում է Reuters-ը:

Ամերիկյան Zoom Video Communications Inc ընկերութունն ավելի վաղ ներողություն էր հայցել անվտանգության ոլորտում բացերի համար եւ հայտարարել էր, աշխատում է դրանց վերացման ուղղությամբ:

«Zoom-ն անվտանգ հարթակ չէ»,- նշվում է Հնդկաստանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ: Գերատեսչությունը ներկայացրել է այն փոփոխությունների ցանկը, որոնք խորհուրդ է տալիս ավելացնել Zoom-ի անվտանգության պարամետրերի եւ ծրագրային ապահովման մեջ` ավելի լավ պաշտպանություն ապահովելու համար:

Zoom-ը հսկայական պահանջարկ ունի վիրուսի բռնկման ֆոնին: Մարտ ամսին այն մոտ 200 միլիոն մարդ է օգտագործել` նախորդ տարվա 10 միլիոնի համեմատ: