Հյուսիսային Իրաքում փախստականների ճամբարի վրա Թուրքիայի օդուժի հարվածները փախստական երկու կնոջ մահվան պատճառ են դարձել: Այս մասին հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը` նշելով, որ օդային հարվածներն Իրաքի ինքնիշխանության խախտում էին, փոխանցում է AP-ն:
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Մահմուր քաղաքում փախստականների ճամբարի վրա հարձակումներն իրականացվել են թուրքական ռազմական ինքնաթիռից, որը հայտնաբերվել էր Իրաքի ՀՕՊ-ի կողմից: ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է «այս թուրքական հարձակումները»` նշելով, որ դրանք նաեւ «միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում են»:
Թուրքիայի կառավարությունը պնդում է, որ փախստականների ճամբարը Քրդական աշխատավորական կուսակցության օջախն է:
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել էր այս հարցով Թուրքիայի դեսպանին: Հանդիպման ընթացքում Իրաքի արտաքին գործերի նախարար Մոհամադ ալ-Հաքիմն ընդգծել է «նման լուրջ խախտումները կանխելու եւ բարիդրացիության սկզբունքները հարգելու անհրաժեշտությունը», նշվում է հայտարարության մեջ:





























