Այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր ուղղություններով լայնածավալ հարձակումներ են սկսվել կառավարության, պատգամավորների եւ մեր քաղաքական գործիչների դեմ: Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստին ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքից ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Ըստ նրա` դա կապված է այն գործողությունների հետ, որոնք տեղի են ունենում Ազգային ժողովում եւ ոչ միայն այնտեղ:
Որպես գրոհների պատճառ` ԱԺ փոխխոսնակը մատնանշեց ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքների կիրառումը, Հանրային հեռուստատեսությունում գովազդային ժամերի տրամադրումը, ինչպես նաեւ քրեական գործերը, որոնք հարուցվել են հայտնի քաղաքական գործիչների դեմ:
«Փորձում են օգտագործել այս իրավիճակն իշխանություններին վարկաբեկելու համար, ներկայացնելու համար այն ամենը, ինչն իրականում գոյություն չունի: Ես ձեզ կոչ եմ անում նշանակություն չտալ այս կեղծ տեղեկատվությանը, համատեքստից հանված նյութերին, բառախաղերին, «լարած» դերասաններին, խամաճիկներին, որոնք ելույթ են ունենում Միքայել Մինասյանի (Վատիկանի նախկին դեսպան եւ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա. խմբ.) ալիքներում եւ Սարգսյանի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյքերի միջոցով»,- շեշտեց պատգամավորը:





























