Ապրիլի 17-ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Մաքսային կարգավորումների մասին օրենքում կատարված փոփոխությունները:

Քվեարկության ընթացքում այս օրենքին միաձայն աջակցեցին 107 խորհրդարանականներ:

Մասնավորապես կընդլայնեն հայրենադարձներին տրամադրվող մաքսային արտոնությունների գործողության ոլորտը՝ պարզեցնելով եղած ընթացակարգերը:

Այսպես՝ հայրենադարձները, որոնք հայրենիք են վերադարձել մշտական բնակության, կարող են օգտվել մաքսային արտոնություններից, եթե Հայաստանի տարածքում չեն բնակվել վերջին 5 տարում: Այս դրույթը կիրառելի է այն քաղաքացիների համար, որոնք վերջին 5 տարում ոչ միայն չեն եղել Հայաստանում, այլեւ հայկական քաղաքացիություն եւ հանրապետության տարածքում հաշվառում չունեն: Այսինքն՝ եթե 10 տարի առաջ Հայաստանից արտագաղթած մարդը իր բնակարանը չի վաճառել եւ շարունակում է Հայաստանի տարածքում ցանկացած հասցեում հաշվառված լինել, ապա նա փաստացի չի կարող այս արտոնությունից օգտվել:

Օրինագծում նշված է, որ եթե համապատասխան իրավասու մարմինը՝ անձնագրային եւ վիզաների բաժինը, իսկապես պարզում է, որ մարդը վերջին 5 տարում Հայաստանում չի եղել ծայրահեղ դեպքում 915 օր, ապա նրան վկայական կտրվի այն մասին, որ տվյալ անձը Հայաստանի տարածքում մշտական բնակության վայր չունի:

Քաղաքացին իրեն տրված վկայականի հիման վրա այնուհետեւ կարող է դիմել մաքսային ծառայություն եւ 18 ամսվա ընթացքում կարող է, առանց որեւէ հարկ վճարելու, երկիր ներկրել իր անձնական գույքը, ինչպես նաեւ մեկական տրանսպորտային միջոց՝ գրանցված ընտանիքի յուրաքանչյուր անդամի անվամբ: Նա, սակայն, այս ամենը կարող է բերել միայն այն երկրից, որտեղից մտադիր է մշտական բնակության տեղափոխվել Հայաստան: Դրա հետ մեկտեղ տրանսպորտային միջոցը պետք է այդ մարդու անվամբ գրանցված լինի ժամանելուց նվազագույնը 6 ամիս առաջ: Մեկ այլ փոփոխության համաձայն՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանից բացակայած քաղաքացիները, որոնք ունեն հայկական քաղաքացիություն, հայրենիք վերադառնալիս կարող են երկիր բերել մինչեւ 5 հազար եվրո ընդհանուր գումարի անձնական գույք, սակայն առանց տրանսպորտային միջոցը հաշվի առնելու:

Իսկ այն դեպքերում, երբ մարդը երբեք չի եղել Հայաստանի քաղաքացի եւ հանրապետության տարածքում հաշվառված չի եղել, նրան հնարավորություն կտրվի ցանկացած ժամանակ վերադառնալ հայրենիք, դիմում ներկայացնել անձնագիր ստանալու համար եւ գույքը երկիր բերել դրան հաջորդած 18 ամսվա ընթացքում: