Ներկայիս կյանքի մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիներն են քննարկել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ-ն եւ Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Խայիմ Մայոր Օրեխան:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն այս առնչությամբ նշել է, որ համաշխարհայնացման գործընթացները, տարբեր օտարամուտ երեւույթներ խաթարում են հասարակության հոգեւոր առողջ ընկալումները եւ կյանքը, որ դարեր շարունակ խարսխված է եղել քրիստոնեական արժեքների վրա: Նա հաստատել է, որ միայն ամուր հոգեւոր-բարոյական արժեհամակարգի ձեւավորմամբ հնարավոր կլինի հաղթահարել բոլոր տեսակի մարտահրավերներն ու դժվարությունները:
Իր հերթին Խ.Մ. Օրեխան խոսել է Եվրոպայում ավանդական արժեքների վերականգնման անհրաժեշտության մասին` նշելով, որ Քրիստոնեական Եկեղեցու հոգեւոր առաջնորդները մեծ դեր ունեն Եվրոպայի կյանքում քրիստոնեական արժեքները վերստին ներկայություն դարձնելու գործում: Այս առումով, Օրեխան մեծապես կարեւորել է Եկեղեցիների միջեւ երկխոսությունը:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ համայնքային կյանքի, քրիստոնեական դաստիարակության կարեւորության մասին:




























