Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են կորոնավիրուսի համավարակի տարածման հետ կապված իրավիճակը:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը միմյանց տեղեկացրել են Ռուսաստանում եւ Ֆրանսիայում ձեռնարկվող միջոցառումների մասին՝ ուղղված նաեւ սոցիալ-տնտեսական բացասական հետեւանքների նվազեցմանը: Մակրոնը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի քաղաքացիների հայրենիք վերադարձին աջակցության եւ Ռուսաստանի տարածքով Ֆրանսիա բժշկական միջոցների ու սարքավորումների փոխադրման պայմաններ ապահովելու համար:

Արտահայտվել է երկկողմ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանման տրամադրվածություն: Կարեւորվել է 2 պետությունների կառավարությունների ղեկավարների միջեւ շփման հաստատումը:

Քննարկվել է նաեւ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների առաջնորդների հանդիպման կազմակերպման հնարավորությունը տեսահամաժողովի ձեւաչափով: Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային օրակարգի մի քանի այլ հարցերի, ներառյալ ներուկրաինական հակամարտության կարգավորումը: