Ռուսաստանում ունենք շատ հայրենակիցներ, որոնք ոչ կացարան ունեն, ոչ աշխատանք եւ ուզում են վերադառնալ հայրենիք. մենք այս պահին իրենց համար կացարան ենք փնտրում: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Խնդիրը բարդանում է նրանով, որ դրսում հայտնված մեր հայրենակիցներից շատերը հնարավոր է վարակված են կորոնավիրուսով, իսկ ոչ քաղաքացիներին շատ տեղերում բժշկական ծառայություններ չեն մատուցում: Այդ առումով, մեղմ ասած խնդիրը լուրջ է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիները հրաժարվել են հետևել ՀՀ դեսպանատան հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում, նրանք հրաժարվել են նաև դեսպանության կողմից տրամադրվող սննդից, Սինանյանն ասաց, որ տեղյակ չէ այդ խնդրից, եւ որ նրանց հարցերով զբաղվում է ԱԳՆ-ն, որքան որ թույլ են տալիս Հայաստանի ռեսուրսները:











