Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունն ապրիլի 21-27-ին Հայաստանի տարածքում 3 բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ, որը տեղի է ունեցել ապրիլի 24-ին` Գավառ քաղաքից 18 կմ դեպի արեւմուտք:

ՍՊԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ տեղի է ունեցել չորս երկրաշարժ: 3 բալանոց ստորգետնյա ցնցում է գրանցվել ապրիլի 22-ին Ադրբեջանի Նախիջեւան քաղաքից 12 կմ հյուսիս: Հաջորդ օրը նույն ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի  ունեցել Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 41 կմ հարավ: Ապրիլի 24-ին Իրանի Խոյ քաղաքից 46 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն է 4 բալ, որին 1 ժամ անց հետեւել է 3 բալանոց թույլ ցնցում:

Տարածաշրջանից դուրս. 6.0 մագնիտուդով գրանցվել է հինգ ուժեղ երկրաշարժ, որից երեքը` Ճապոնիայի արեւելյան հատվածում: Երկրաշարժերը, որոնք ունեցել են 6.0 մագնիտուդ, Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետցնցումներն են: Պաշտոնական տվյալներով մինչ օրս Ճապոնիայի աղետալի  երկրաշարժի հետեւանքով զոհվել է 14.517 մարդ, վեց պրեֆեկտուրաներում անհետ կորած են համարվում 11.432-ը, ամենաշատ մարդկային զոհը տվել է Միյագի պրեֆեկտուրան` 8.745 մարդ, ժամանակավոր կացարաններում են բնակվում մոտավորապես 130 հազար մարդ, ավերվել է ավելին քան 151 հազար շինություն: Հաջորդ սեյսմիկ իրադարձությունը 6.9 մագնիտուդով տեղի է ունեցել ապրիլի 23-ին Սան Կրիստոբալ կղզու (Սողոմոնյան կղզիներ) ափամերձ հատվածում: Հաջոր օրը ուժեղ երկրաշարժ է գրանցվել ինդոնեզական Սուլավեսի կղզու շրջակայքում, որն ունեցել է 6.2 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր, ավերածություններ չկան: