Քանի դեռ չի հայտնաբերվել կորոնավիրուսի պատվաստանյութը, կորոնավիրուսը չի անհետանալու եւ մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, իր տեսաուղերձում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ռազմավարական խնդիրն է այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար տանելի: Մյուս կողմից մենք չենք կարող անվերջ փակված լինել եւ անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում, հետեւաբար մեր խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ:

Արտակարգ դրության այս ժամանակաշրջանը պետք է օգտագործենք հենց սրա համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար:

Մենք փուլ առ փուլ սկսում ենք տնտեսական գործունեությունը զանազան ոլորտներում, բայց հատուկ պատասխանատվություն ենք ակնկալում գործատուներից, որոնք պետք է ապահովեն հակաճգնաժամային հատուկ պայմաններ: Այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան իրենց ապագայում վերաբացվելիք ռեստորանների, սրճարանների աշխատանքի համար:

Մեզնից յուրաքանչյուրը պետք է անի առավելագույնը նախ ինքը չվարակվելու, ապա նաեւ ուրիշներին չվարակելու համար: Ուզում են այդպիսի բանաձեւ առաջարկել. Ըստ այդմ, կորոնավիրուսով չվարակվելու համար պետք է պահպանել երեք պարզ կանոն՝ իրար հետ շփվելիս  պահպանել առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն, 2-րդ՝ դեմքին դիպչել միայն ախտահանված ձեռքերով:, եւ 3-րդ պայմանը միայն մաքուր սպասքից եւ ախտահանված վարսավիրական գործիքներից օգտվելն է»,-ասաց Փաշինյանը: