ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ֆերմերների համար 19 մլրդ դոլարով կորոնավիրուսի հետեւանքները մեղմելու ծրագրի մասին, հայտնում է Reuters-ը: 

Ծրագրով նախատեսված գումարից 16 մլրդ դոլարը վճարվելու է ուղղակիորեն արտադրողներին, ինչպես նաեւ մսի, բանջարեղենի եւ կաթնամթերքի մեծածախ գնումների համար:

ԱՄՆ գյուղնախարարությունը համագործակցում է տարածաշրջանային եւ տեղական դիստրիբյուտորների հետ 3 մլրդ դոլարի արտադրանք գնելու նպատակով սննդամթերքի ֆոնդերի, եկեղեցիների եւ բարեգործական խմբերի համար:

Նախարարությունը հայտարարել է, որ ամեն ամիս կատարվելու են մոտ 100 մլն դոլարի գնումներ:

Գյուղատնտեսության նախարար Սոնի Պերդյուի խոսքով՝ ֆերմերներին ուղղակի վճարումները կատարվելու են հնարավորինս շտապ, քանի որ ամերիկացի ապրանքարտադրողները աննախադեպ կորուստներ են կրել:

Հյուսիսային Դակոտա նահանգից սենատոր Ջոն Հովենը հայտարարել է, որ ֆերմերներին եւ ռանչոներին ուղղակի վճարումները կկազմեն 9,6 մլրդ դոլար անասնաբուծական ճյուղի համար:

Դրանից բացի, 3,9 մլրդ դոլար է վճարվելու գյուղատնտեսական մշակաբույսեր արտադրողներին: Մեկ ֆերմերին կամ ձեռնարկությանը հատկացվելու է մինչեւ 250 հազար դոլար: