Բրազիլիան Վենեսուելայից հանել է Կարակասում իր դեսպանատան աշխատակիցներին, ինչպես նաեւ Բոլիվարական Հանրապետությունում հյուպատոսական հաստատությունների աշխատակիցներին: Այս մասին նշված է լատինաամերիկյան պետության ԱԳՆ եւ Պաշտպանության նախարարության համատեղ հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Վենեսուելայում Բրազիլիայի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հաստատությունների աշխատակիցները, որոնց թվում են ԱԳՆ դիվանագիտական եւ այլ աշխատակիցներ, ռազմական կցորդը, քաղաքացիական անձինք եւ նրանց ընտանիքների անդամները՝ ընդհանուր 38 մարդ, ուրբաթ Բրազիլիայի ՌՕՈՒ օդանավով Կարակասից վերադարձել են Բրազիլիա»,- նշված է փաստաթղթում: Հստակեցվում է, որ ավելի վաղ հարեւան պետության մայրաքաղաք էր ուղարկվել Lockheed Martin C-130 Hercules օդանավը, որով պետական ծառայողներից բացի, հայրենիք են վերադարձել նաեւ 12 բրազիլացիներ:

Բրազիլիան մարտի սկզբին հայտարարել էր Վենեսուելայում իր արտասահմանյան ներկայացուցչությունների աշխատանքի դադարեցման եւ աշխատակիցներին հետ կանչելու մասին, այդ ժամանակ խոսքը 14 դիվանագետների էր վերաբերում: Սակայն լատինաամերիկյան տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման հետ կապված հետագա համաճարակաբանական իրավիճակի սրման եւ սահմանների փակման պատճառով նրանք ստիպված էին մնալ Բոլիվարական Հանրապետությունում: Այսպիսով, Բրազիլիան ամբողջությամբ դադարեցնում է շփումները պաշտոնական Կարակասի ներկայացուցիչների հետ, որի դիվանագետները վտարման սպառնալիքով պետք է մինչեւ մայիսի 2-ը Բրազիլիայից հեռանան, նշում է Inforel պորտալը:

Իրավիճակը Վենեսուելայում սրվել էր այն բանից հետո, երբ 2019թ․ հունվարին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որի խորհրդարանի խոսնակի պաշտոնում նշանակումը դրանից երկու օր առաջ չեղարկել էր գերագույն դատարանը, հայտարարել էր իրեն նախագահի պաշտոնակատար։ Նրան ժամանակավոր պաշտոնակատար էին ճանաչել ԱՄՆ-ն, Լիմայի երկրների խումբը (բացառությամբ Մեքսիկայի), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ Եվրամիության երկրների մեծ մասը։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը հեղաշրջման փորձ էր անվանել եւ հայտարարել էր ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Նրա աջակցությամբ հանդես էին եկել Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սիրիան եւ Թուրքիան։