ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հայտարարել է, որ դաշնային կառավարությունը հետաքննություն է սկսել, թե արդյո՞ք նոր տեսակի կորոնավիրուսը տարածվել է Ուհանի լաբորատորիայից, հայտնում է Fox News-ը: 

ԱՄՆ նախագահը խոստացել է, որ երկրի կառավարությունը կպարզի, թե համավարակն ինչպես է առաջացել:

Ի պատասխան այն վարկածի հավաստիության մասին հարցին, որ կորոնավիրուսը մշակվել է Ուհանի լաբորատորիայում, այլ ոչ թե բռնկվել ծովամթերքի շուկայում, Թրամփը հասկացրել է, որ ԱՄՆ-ն այս հարցին ամենայն լրջությամբ է վերաբերվում, նշում է հեռուստաալիքը:

«Մենք դա քննում ենք: Բազմաթիվ մարդիկ են դա քննում: Դա ողջամիտ է թվում»,- լրագրողներին ասել է Թրամփը:

«Մեծ թվով հետաքննություններ են կատարվում, եւ մենք պատրաստվում ենք դա պարզել»,- շեշտել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ գլոբալ համավարակը հնարավոր կլիներ կանխարգելել, եթե Չինաստանն ավելի վաղ սկսեր գործել:

«Ամենը, ինչ կարող եմ ասել, որտեղից էլ դա եկած լիներ, եկել է Չինաստանից՝ ինչ ձեւով էլ լինի, դրա պատճառով տուժել է 184 երկիր: Եվ սա չափազանց վատ է, այդպես չէ՞: Դա շատ հեշտ կլուծվեր, երբ ամեն ինչ նոր էր սկսվել»,- ասել է ԱՄՆ նախագահը: