ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Չինաստանը կարող է բախվել հետեւանքների հետ, եթե պարզվի, որ երկիրը կրում է գիտակցված պատասխանատվություն կորոնավիրուսի պանդեմիայի համար, գրում է The Guardian-ը։

«Դա (կորոնավիրուսը) կարող էր դադարեցվել Չինաստանում նախքան բռնկվումը, սակայն չդադարեցվեց, եւ ամբողջ աշխարհը տառապում է դրանից»,-հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը ճեպազրույցի ընթացքում։

«Եթե դա սխալ էր, ապա սխալը մնում է սխալ։ Սակայն եթե նրանք կրում են գիտակցված պատասխանատվություն, այո, ես հենց դա նկատի ունեմ, ապա, իհարկե, պետք է լինեն հետեւանքներ»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Ընդ որում՝ նա չի հստակեցրել, թե ինչ հետեւանքների մասին է խոսքը։

Դոնալդ Թրամփը հավելել է, որ չինացիները «շփոթված» են, եւ այժմ ամբողջ հարցը կայանում է նրանում, թե արդյոք կորոնավիրուսը տարածվել է սխալի հետեւանքով, որը դուրս էր եկել հսկողությունից, թե դա արվել էր միտումնավոր։