Google-ը եւ Facebook-ը ստիպված կլինեն վճարել Ավստրալիայում նորությունների համար, քանի որ կորոնավիրուսային համաճարակը գովազդից ստացված եկամուտների անկման է հանգեցնում, հայտնում է AP-ն:
Ավստրալիայի ֆինանսների նախարար Ջոշ Ֆրիդենբերգը հայտարարել է, որ Ավստրալիայի մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովը (ACCC) հուլիսի վերջին կհրապարկի կանոնների նախագիծը հարթակների համար, որն արդար փոխհատուցում է նախատեսում լրատվամիջոցներից ներբեռնված լրագրողական կոնտենտի համար: Ըստ նրա` Ավստրալիան կարող է հաջողության հասնել այնտեղ, որտեղ այլ երկրները, այդ թվում` Ֆրանսիան եւ Իսպանիան, չկարողացան դա անել:
«Մենք չենք նահանջի սպառնալիքների առջեւ,- լրագրողներին հայտարարել է Ֆրիդենբերգը:- Մենք հասկանում ենք խնդիրը, որի հետ բախվում ենք: Մենք գործ ունենք խոշոր ընկերությունների հետ, սակայն այնքան բան է խաղաքարտին դրված, ուստի մենք պատրաստ ենք այս պայքարին»:
ACCC- ն փորձել է պայմանավորվել կամավոր օրենսգրքի շուրջ, որի համաձայն նշված ընկերությունները կհամաձայնեին վճարել ավանդական լրատվամիջոցներին նրանց կոնտենտի համար: Բայց կողմերը չեն կարողացել համաձայնության գալ «կոնտենտի համար վճարման առանցքային խնդրի» շուրջ», ասել է Ֆրիդենբերգը: Կապի նախարար Փոլ Ֆլետչերը հայտարարել է, որ Ավստրալիան Եվրոպայի նկատմամբ այլ մոտեցում կօգտագործի` ապավինելով մրցակցության մասին օրենքին, այլ ոչ թե` հեղինակային իրավունքի մասին օրենքին:
«Մենք հիասթափված ենք կառավարության հայտարարությունից` հատկապես հաշվի առնելով այն, որ մենք քրտնաջան աշխատել ենք նրանց կողմից համաձայնեցված վերջնաժամկետին հասցնելու համար»,- հայտարարել է Ավստրալիայում Facebook-ի գործադիր տնօրեն Ուիլ Իսթոնը: «COVID-19-ն ազդել է երկրի բոլոր ընկերությունների եւ արդյունաբերությունների վրա, այդ թվում` հրատարակիչների, ուստի մենք հայտարարել ենք նոր գլոբալ ներդրումների մասին` լրատվական կազմակերպություններին աջակցելու համար այն ժամանակ, երբ գովազդից ստացվող եկամուտները նվազում են»,- հավելել է նա` նշելով, որ խոսքը100 միլիոն դոլարի չափով ներդրման մասին է:





























