Չկա որեւէ ապացույց, որ նոր կորոնավիրուսը լաբորատորիայում է ստեղծվել, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով ֆրանսիացի վարակաբանի այն խոսքերը, որ COVID-19-ը բնական ծագում չունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ֆրանսիացի վարակաբան Լյուկ Մոնտանյեն, ով 2008 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել ՄԻԱՎ-ը բացահայտելու համար, առաջ է քաշել այն վարկածը, որ COVID-19 նոր կորոնավիրուսը չունի բնական ծագում եւ մշակվել է լաբորատորիայում։ Գիտնականը ենթադրել է, որ դա մոլեկուլյար կենսաբանների աշխատանքն է, որոնք, հնարավոր է, ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութ են ուզեցել ստեղծել։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ սա գիտական հարց է, այն պետք է ուսումնասիրվի բուժաշխատողների եւ գիտնականների կողմից եւ չպետք է քաղաքականացվի։ Ներկայում ԱՀԿ-ն եւ փորձագետների բացարձակ մեծամասնությունը կարծում են, թե չկան ապացույցներ, որոնք կվկայեն այն մասին, որ նոր կորոնավիրուսը լաբորատորիայում է ստեղծվել»,- ճեպազրույցում հայտարարել է Գեն Շուանը։
Անցյալ տարվա դեկտեմբերին Ուհանում կորոնավիրուսի բռնկման սկզբից ԶԼՄ-ներում եւ համացանցում բազմիցս հայտնվել են տարբեր վարկածներ այն մասին, որ նոր վիրուսը կարող էր տեղի վարակաբանության ինստիտուտի լաբորատորիայից «արտահոսել»։ Ինստիտուտն ինքը դեռեւս հունվարին հանդես է եկել բաց նամակով, որտեղ այդ ենթադրությունները կեղծ լուրեր է անվանել եւ ընդգծել է, որ ինստիտուտի աշխատակիցների խիղճը «բացարձակապես մաքուր է»։





























