Ուղիղ եթերի նախապատրաստական աշխատանքների կադրերի արտահոսքը ապացուցեց, որ վարչապետը կոմպետենտ թիմ չունի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Այդ կադրերի հրապարակումը խայտառակ բանի բերեց: Նախ այդ հիմքով փորձել ձեռ առնել կամ ծաղրել, դատապարտում ենք միանշանակ: Կադրերի արտահոսքը մեզ բերում է մեր այն նախկին համոզմանը, որ կառավարությունը չունի այնքան կարողություններ, որ քաղաքացիների համար զգայուն ինֆորմացիան պահպանի․ Եվ եբ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հեռախոսով տեղորոշման մասին օրենքին դեմ էր գնում և ասում էր՝ մենք դեմ ենք, որովհետեւ դուք այդ կարողությունը չունեք, անգամ եթե հավատանք, որ տեղեկատվությունն ի չարս չեք օգտագործելու, կարող է ձեր մոտից տեղեկատվությունը դուրս գալ, ուրիշներն ի չարս օգտագործեն: Ամենօրյա այս դեպքերը ապացուցում են այս հանգամանքը»,-նշեց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ԱԺ ընդունած օրենքից հետո մշակվում են հազարավոր քաղաքացիների տեղաշարժման տվյալները. «Ի՞նչ իմանանք՝տեղեկատվությունը վաղը,մյուս օրը ում ձեռքն է ընկնելու, ի՞նչ իմանանք՝ վաղը ում են ծաղրելու, ի՞նչ իմանանք՝ ում են վաղը ծաղրելու, ի՞նչ իմանանք՝ ում դեմ է դա օգտագործվելու: Կամ թերթերը գրում են, որ վարչապետը պարետատնից Ժորիկին դուրս է հանել, հիմա կարո՞ղ է Ժորիկն ունի այդ տեղեկությունները: Ես չգիտեմ էլ՝ Ժորիկն ով է, բայց որ դուրս է արել, ուրեմն պետք է եղել, որ դուրս է արել վարչապետը: Հովիկ Աբրահամյանի օգնականն է, հիմա կարո՞ղ է Ժորիկը տեղորոշման տվյալները վերցրել, տվել է Հովիկ Աբրահամյանին: Այս հարցերն է, որ մենք բարձրաձայնում ենք»,-ասաց Էդմոն ԼՀԿ ղեկավարը:
Նա նաեւ նկատեց, որ այդ կադրերի մեջ ոչ մի արտառոց բան չկա, բոլորն էլ ունեն այդպիսի կադրեր. «Երբ ուղիղ եթեր ենք մտնում, մեկը մազերն է ուղղում, մեկը ծռմռվում է, այդտեղ ոչ մի խնդիր չկա: Խնդիրն այն է, որ չկա այն կոմպետենտ թիմը, որ դա դուրս չգա:Բա եթե էդ թիմը չկա, մեր տվյալներն ինչի՞ եք վերցրել»:











