Կանադայում հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի, հաղորդում է CTV-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ Կանադայի պատմության մեջ վատագույն հրաձգության զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կասկածյալը կարող էր ավելի շատ մարդկանց սպանել:
Հրաձիգը ողբերգության ժամանակ մահացել է:
51-ամյա ատամնաբույժ Գաբրիել Ուորթմանը կիրակի գիշերը Պորտալիկ քաղաքում կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, այնուհետեւ` Պորտալիկից 50 կմ շառավղով մի շարք այլ բնակավայրերում: Հանցագործին կալանավորելու օպերացիայի արդյունքում, որը տեւել է 12 ժամ, զոհվել է ոստիկանության մի աշխատակցուհի, եւս մի ոստիկան վիրավորվել է: Հաղորդվել է, որ Ուորթմանը ոստիկանական համազգեստով է եղել եւ տեղաշարժվել է պարեկային ավտոմեքենայով, բայց իրավապահ մարմինների աշխատակից չէ: Ի սկզբանե ոստիկանությունում հայտնել էին, որ հանցագործը ձերբակալվել է, սակայն ավելի ուշ հաղորդվեց, որ նա սպանվել է Էնֆիլդ քաղաքում իրավապահների հետ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Ուորթմանի գործողությունների դրդապատճառները դեռ հայտնի չեն: Ոստիկանությունում հայտնել են, որ նա ծանոթ էր զոհերից մի քանիսի հետ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին եւ ընկերներին:




























