Թել Ավիվում մոտ 2000 մարդ կիրակի օրը, ապրիլի, 19-ին, մասնակցել է «դեմոկրատիայի փրկության» համար բողոքի ցույցին։ Ցուցարարները հանդես են եկել անցումային կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուի եւ Քնեսեթի խոսնակ Բենի Հանցի  կոալիցիոն բանակցությունների դեմ, հայտնում է DW-ն։

Ցուցարարները հիմնականում եղել են սեւ հագուստով, սակայն, պահպանել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով մտցված նորմերը եւ միմյանցից 2 մետր տարածություն են պահել, հայտնում է AFP-ը։ Ցուցարարները հիշեցրել են, որ Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Ցույցի կազմակերպիչը «Սեւ դրոշներ» շարժումն է։

Մարտին Իսրայելում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սրանք Քնեսեթի երրորդ ընտրություններն են մեկ տարվա ընթացքում։ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը ոչ մեծ առավելությամբ հաղթանակ է տարել, սակայն նրան եւ նրա դաշնակիցներին չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում։

Դրանից հետո Նեթանյահուին եւ Հանցին կրկին չի հաջողվել պայմանավորվել կառավարություն կազմելու մասին, նույնիսկ դրա համար տրված լրացուցիչ ժամկետում։ Երկրի նախագահ Ռեուվեն Ռուվլինը այդ դեպքում կարող է կառավարության ձեւավորման մանդատը փոխանցել խորհրդարանին։ Դա նշանակում է, որ երեք շաբաթ Քնեսեթը պետք է փորձի ձայների մեծամասնությամբ նախագահին թեկնածու ներկայացնել, որն էլ իր հերթին երկու շաբաթ կստանա կառավարության ձեւավորման համար։ Եթե այդ ժամկետում էլ կառավարություն ստեղծել չհաջողվի, Իսրայելում կրկին ընտրություններ կանցկացվեն։

Բենիամին Նեթանյահուն մեղադրվում է խարդախության, կոռուպցիայի եւ պետական դավաճանության մեջ։ Նա հերքում է բոլոր մեղադրանքները։ Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի կոռուպցիայի մեջ, նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Նեթանյահուի հանդեպ դատական լսումները հետաձգվել են մինչեւ մայիսի 24-ը։