Ապրիլի 20-ին՝ ժամը 11-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք է գրանցվել: Հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով՝ ընդհանուր առմամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 1339 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 737 մարդ, ապաքինվել է 580-ը, 22 պացիենտ մահացել է:
Այսօր մեզ մեղադրում են ատելություն սերմանելու մեջ, սակայն մոռանում են, որ մենք հավատարիմ ենք մնում վենդետաներ չանելու մեր խոստմանը: Այս մասին ֆեսյբուքյան ուղիղ եթերում կիրակի ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ իշխանությանը մեղադրում են նաեւ թավշյա, այսինքն՝ մեղմ լինելու համար: Վարչապետի խոսքով՝ այսօր իշխանության մեջ նախկիններն ունեն իրենց մարդիկ, որոնց ինքն անվանում է «Սերժի մնացորդներ» եւ եկել է ժամանակը նրանց զտելու: Վարչապետն ասել է նաեւ, որ նախկինում լրատվամիջոցների 99 տոկոսը եւ լրագրողերի 70 տոկոսը իշխանությունից փող է ստացել՝ նրան գովելու համար:
Հանգստյան օրերին հանրության շրջանում կրքեր բորբոքվեցին ուրբաթ՝ վարչապետի հղած ուղերձի առիթով. համացանցում հայտնված կադրերում, որոնք տեսագրվել են ուղերձին նախորդող րոպեներին, վարչապետը հազում էր, դեղահաբ կուլ տալիս, տեխնիկական աշխատողը միկրոֆոն էր ամրացնում նրա պիջակին եւ այլն: Իշխանության մի շարք կողմնակիցներ պահանջում էին Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հրաժարականը, վերջինն էլ պարզաբանում էր, որ նկարահանումից առաջ կապուղի է բացել 8 հեռուստաընկերության համար եւ կադրերի արտահոսքն իր կողմից չէ: Այնուհանդերձ վարչապետի մամուլի խոսնակը Հանրայինի աշխատողներին մեղադրեց ոչ պրոֆեսիոնալիզմի, թափթփված աշխատանքի համար:
Հանրայինը դարձյալ պարզաբանում հրապարակեց, որ վարչապետի ուղերձի կամ տեսագրության աշխատանքի համակարգողը նրա խոսնակն ու լրատվական ծառայությունն են: Այնուհանդերձ երկուշաբթի Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հրաժարական տվեց: Աշխատանքից ազատվել է նաեւ հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանը։
Ապրիլի 20-ի դրությամբ Հայաստանի Ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 106 մարդ է բուժվում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Հոսպիտալը որպես ինֆեկցիոն հիվանդանոց է գործում մարտի 19-ից: Ըստ Մհրյանի` նշված ժամանակահատվածում կորոնավիրուսի կասկածով 124 ոստիկան է ինքնամեկուսացվել, 30-ն էլ մեկուսացվել է: Կորոնավիրուս է հաստատվել ոստիկանության 10 սպայի մոտ, նրանցից 5-ն առողջացել է:
«Ազիմուտ» ավիաընկերության իրականացրած Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով ապրիլի 19-ին և 20-ին հայրենիք է ժամանել Հայաստանի 200 քաղաքացի: Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքում գրել է, որ ժամանածները 14 օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմում:
Բնակչության սոցիալական աջակցության պետական ծրագրերը կորցրել են իրենց նիմաստը` դրանց վատ մշակման պատճառով, Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցներում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա` կառավարության սոցիալ-տնտեսական բլոկն այժմ համապատասխանության թեստավորում է անցնում, որի արդյունքներն դեռ հուսադրող չեն: «Երբ մեկ տարի առաջ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ առաջարկեցի վարչապետին ազատվել այդ մարդկանցից, դա նաեւ այս օրվան էր վերաբերում: Այս թիմի հետ այս իրավիճակում անհնար է ադեկվատ որոշումների հանգել»,- շեշտել է Մարուքյանը:
Վարչապետ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք՝ Գրիգոր Հովհաննիսյանը մինչեւ այդ Հայաստանի դեսպանն էր Միացյալ Նահանգներում:
Պետք է գոնե նվազագույն հարգանք ցուցաբերել պետական եւ հոգեւոր հաստատությունների նկատմամբ, ճեպազրույցներում ասել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով կառավարության ներկայացուցիչների կողմից հնչեցրած քննադատությունն Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Վեհափառի դիրքորոշման կապակցությամբ:
Արմավիրի դատարանում ավարտին է մոտենում «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով դատավարությունը։ NEWS.am-ի տեղեկություններով` որպես վկա է հարցաքննվել նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ասատրյանը 2017-ին կազմակերպել եւ ղեկավարել է 3 անձի առեւանգումը, ինչը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնությամբ:
Իտալիայում ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից, հայտարարել է «Ռոմայի» և Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ռուսական մամուլի հետ հարցազրույցում: «Ռոմայում» ինձ ավելի շատ են վստահում, քան «Արսենալում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: Մանչեսթերյան թիմի կազմում 3 տիտղոս եմ նվաճել, «Արսենալում» ինչ-որ բան չստացվեց: Ես ինձ շատ լավ եմ զգում Հռոմում»,- նշել է հայկական ֆուտբոլի առաջատարը: Ի դեպ՝ հայտնի դարձավ, որ «Ռոմայի» ֆուտբոլիստներն իրենց մի քանի ամսվա աշխատավարձը փոխանցել են կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.44 դրամով ու կազմել 482.52 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.44 դրամով ու կազմել 524.89 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.82 դրամով ու կազմել 601.80 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.49 դրամ։
Հայաստանում ապրիլի 21-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Երեւանում եւս սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8 +10, վաղը ցերեկը` +19 +21 աստիճան:











