Երկուշաբթի Նյու Յորքի Ուեսթչեսթեր շրջանի բնակիչները հայց են ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեմ՝ կազմակերպությանը մեղադրելով կորոնավիրուսի համավարակի տվյալները թաքցնելու մեջ, հայտնում է Fox News-ը:

Երկրում համավարակի էպիկենտրոնը համարվող Ուեսթչեսթեր շրջանի երեք բնակիչներ հայտարարել են, որ ԱՀԿ-ն չի կարողացել ժամանակին հայտարարել համավարակի մասին եւ ստուգել նախնական բռնկմանը Չինաստանի արձագանքը:

Հայցվորները պահանջում են շրջանի 756 հազար բնակիչներին պատճառված վնասի փոխհատուցում:

«ԱՀԿ-ն ոչ ճիշտ տեղեկություն է տվել ու սխալ է կառավարել կորոնավիրուսի հայտնաբերմանը արձագանքումը եւ տեղեկությունների ու պնդումների հիման վրա զբաղվել է Չինաստանում COVID-19-ի համավարակը թաքցնելով»,- նշված է հայցում:

Շրջանի բնակիչները կարծում են, որ ԱՀԿ-ն «դարձել է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում եւ Նյու Յորք նահանգում կորոնավիրուսի տարածման պատճառը կամ ավանդ է ունեցել դրա մեջ»:

Նրանց կարծիքով՝ կազմակերպությունը չի կարողացել աշխարհին ապահովել համավարակի բուժման կամ արձագանքման հրահանգներով, ներառյալ ճանապարհորդությունների սահմանափակումը եւ համավարակին գլոբալ արձագանքման համակարգումը, հայտնում է Reuters-ը:

Ջոն Հոփքինս համալսարանի տվյալներով՝ Ուեսթչեսթեր շրջանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի հետեւանքով մահվան 776 դեպք: