Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն այսօր` ապրիլի 21-ին, 94 տարեկան է դառնում, գրում է Press Association-ը:

Բրիտանական միապետն այս ծննդյան տարեդարձը նշում է կարանտինի պայմաններում` առանց իր մեծ ընտանիքի: Եղիսաբեթ Երկրորդն այժմ գտնվում է Բերքշիրի Վինձորյան դղյակում` իր 98-ամյա ամուսնու` Էդինբուրգի դուքս Ֆիլիպի եւ անձնակազմի անդամների հետ, որոնց թիվը զգալիորեն կրճատվել է  COVID-19-ի տարածման պատճառով:
Ինչպես եւ շատերն աշխարհում, բրիտանական թագավորական ընտանիքի անդամները վերջերս եւս հազվադեպ են տեսնվում` կորոնավիրուսային համավարակի պատճառով:

Արքայական զույգի ավագ որդին` արքայազն Չարլզը, բուժվել է կորոնավիրուսից եւ գտնվում է Շոտլանդիայում` իր տիկնոջ` Քորնուելի դքսուհու հետ միասին:
Թագուհու երկրորդ որդին` Յորքի դուքսը եւ նրա ընտանիքի բոլոր անդամներն ապրում են թագավորության տարածքում գտնվող տարբեր տներում: Արքայազն Ուիլյամը եւ դքսուհի Քեյթը իրենց երեխաների հետ միասին այժմ գտնվում են Նորֆոլկում, իսկ արքայազն Հարին եւ նրա կինը` Մեգան Մարքլը, եւ նրանց որդին տեղափոխվել են Լոս Անջելես:

Աղբյուրը Բուքինգհեմյան պալատում հայտնել է, որ թագուհու ծննդյան օրը հատուկ կերպով չի նշվելու, իսկ նրա բոլոր տոնական զանգերն ու տեսաուղերձները գաղտնի կմնան:
Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ Վեսթմինսթերյան պալատի զանգերը նույնպես չեն ղողանջի, իսկ ավելի վաղ Եղիզաբեթ Երկրորդը չեղարկել էր տոնական համազարկերը տարեդարձի կապակցությամբ` կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Սովորաբար թագուհին երկու անգամ է նշում իր ծննդյան տարեդարձը. նա ծնվել է ապրիլին, իսկ նրա պաշտոնական ծննդյան տարեդարձը նշվում է հունիսին` դրոշի դուրս բերման արարողությանը, որն այս տարի նույնպես չեղարկվել է: