Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները նոր տեխնոլոգիա են մշակել, որը թույլ է տալիս բարձրացնել արեւային կայանների արդյունավետությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այդ նպատակով գիտնականները նոր մոտեցում են առաջարկել արեւային վահանակների ֆոտոէլեկտրական տարրերի անհավասար ծերացման խնդիրը լուծելու համար` առանց հնացած մասերը նորերով փոխարինելու: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են հեղինակավոր Energy ամսագրում:

Գիտնականները պարզաբանել են, որ արեգակնային վահանակների օգտագործումն էներգիայի արտադրության գործընթացում զուգորդվում է մի շարք դժվարություններով. բացօթյա օգատգործման պայմաններում արեւային մարտկոցը ենթակա է փոշոտման, խոնավեցման եւ ջերմաստիճանի էական փոփոխությունների: Բացի այդ, ըստ նրանց, ամպամածության պատճառով թիթեղները մասնակի մթնեցումներ են ունենում, իսկ դա ազդում է վահանակների ծառայման ժամկետի եւ էներգիայի փոխանցման արդյունավետության վրա:

Ինչպես բացատրել է Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի Բարձրավոլտ էներգետիկայի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Նիկոլայ Կորովկինը, նման սխեմաները ներկայումս օգտագործվում են վահանակների կարողությունների ամփոփման համար, ինչի արդյունքում հնացած մոդուլների մասնակի փոխարինումն անշահավետ է դառնում: Բացի այդ, նա հավելել է, որ նույն ապրանքանիշի ֆոտոէլեկտրական մոդուլները, որպես կանոն, նույնը չեն` նյութի արտադրական թերությունների պատճառով:

Ըստ գիտնականների` մոդելավորման արդյունքները ելքային առավելագույն հզորության զգալի աճ են ցույց տալիս: Հետազոտողները ցույց են տվել, որ մշակված համակարգն օգտագործելիս արեւային վահանակներում անհավասար հնացած ֆոտոէլեկտրական մատրիցայից դուրս բերվող հզորությունը զգալիորեն մեծանում է:

Այսպիսով, համասլարանի տվյալներով, էներգիայի խնայողությունների տոկոսը նախքան հին ֆոտոէլեկտրական վահանակների վերախմբավորումը 16.82 տոկոս է կազմում, իսկ դրանից հետո այն աճում է մինչեւ 21.86 տոկոս: Ֆոտոէլեկտրական վահանակների վերադասավորումից հետո արտադրված առավելագույն ելքային հզորության տոկոսը 99.89 է` սովորական պայմաններում ըդնամենը 78.03 տոկոսի համեմատ:

Հետագայում գիտնականները պլանավորում են նոր մեթոդը փորձարկել Եգիպտոսում արեւային վահանակների արտադրության ձեռնարկություններում: