Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի նախազգուշացրել է, որ նոր տեսակի կորոնավիրուսների տարածման կապակցությամբ ներդրված սահմանափակումների վաղաժամ թուլացումը կարող է վարակման դեպքերի նոր աճի հանգեցնել, հայտնում է Fox News-ը:

«Այժմ թուլություն ցուցաբերելու ժամանակը չէ: Փոխարենը, մենք պետք է նոր ապրելակերպի պատրաստ լինենք տեսանելի ապագայում»,- հայտարարել է ԱՀԿ-ի՝ Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի երկրների տարածաշրջանային տնօրեն Տակեշի Կասաին:

Ըստ նրա` կառավարությունները պետք է շարունակեն զգոն լինել` կորոնավիրուսի տարածումը զսպելու համար, եւ կարանտինային ռեժիմի եւ սոցիալական հեռավորության պահպանման միջոցների վերացումը պետք է աստիճանական լինի եւ հավասարակշռություն ապահովի քաղաքացիների առողջության պահպանման եւ տնտեսության աշխատանքի միջեւ: