Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը երեխաների նկատմամբ կատարվող բռնությունների վերաբերյալ կայացած Հանրային պալատի արտակարգ նիրստում առաջարկել է մանկապիղծների մոտ արհեստական ամլություն առաջացնել։

«Անհրաժեշտ է անչափահասների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարած անձանց մոտ քիմիական ճանապարհով ամլություն առաջացնել»,-ասել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը՝ ավելացնելով, որ պատժամիջոցը հետագայում հնարավոր է լինում վերականգնել։  

Հիշեցնենք, որ Բաստիրկինը 2010թ. հուլիսին եւս խոսել էր պեդոֆիլներին երեխա ունենալու հնարավորությունից զրկելու մասին։

Նշենք, որ Հայաստանում այս մասին եւս մտորում են։ Այս տարվա փետրվարի 8-ին, Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պեդոֆիլներին պետք է «դրակոնյան օրենքով» պատժել։ Միջազգային պրակտիկայում մանկապիղծներին վիրաբուժական միջամտությամբ ամորձատում են, կամ քիմիական ճանապարհով ամլություն առաջացնում։

Դալլաքյանի կարծիքով, Հայաստանում մանկապղծության համար շատ մեղմ պատիժ է նախատեսված, ինչն էլ մանկապղծության դեպքերի կտրուկ աճի պատճառներից մեկն է։

2009թ. մանկապղծության 18 գրանցված փաստերից, միայն 3-ի դեպքում է, որ մեղավորներն ազատազրկվել են, մյուս 15 դեպքում, նրանք տուգանք են վճարել։