Հայոց ցեղասպանության դատապարտումը եւ միջազգային ճանաչումը համայն հայության գործն է: Այս մասին ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնայացականյանը:

Ինչպես շեշտեց նախարարը, այս հարցում մեծ աշխատանք է տարվել: Արտաքին գործերի նախարարն արձանագրեց միջոցառման անցկացման համար անսովոր պայմանները համավարակի ընթացքում: Սակայն, շարունակեց նախարարը, այս տարվա միջոցառումների ձեւաչափը մի կարեւոր ուղերձ է պարունակում այն մասին, որ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում հնարավորություն ունի մասնակցել անմեղ զոհերի հիշատակմանը:

«105 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է պայքարն արդարության վերականգնման համար: Ճանաչման հարցը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ: Սա կարեւոր գործիք է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում: Ձեւաչափը կպահպանի այս օրվա խորհրդանիշի ուժը»,- ասաց արտգործնախարարը` հավելելով, որ «Հիշում եւ պահանջում եմ» կարգախոսը փոփոխությունների չի ենթարկվել:

«105 տարի առաջ հայ ժողովուրդը հայտնվել էր հանցագործների հետ դեմ առ դեմ: Ենթադրվում էր, որ նա պետք է վերացվեր: Բայց նա հաղթեց, քանի որ գոյություն ունի, բարգավաճում է, ունի պետականություն եւ Սփյուռք: Բայց մերժված արդարությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ: Այս առումով հայ ժողովուրդը միասին է պայքարելու»,- շեշտեց արտգործնախարարը` հավելելով, որ եթե հանցագործը կարծում է, որ կարող է անպատիժ մնալ, հանցագործությունը կարող է կրկնվել: Թուրքիայի համար ճանաչումը սեփական անցյալին դեմքով շրջվելու հնարավորություն է:

Խոսելով միջազգային կազմակերպություններում քայլերի մասին` նախարարը հիշեցրեց, որ դեկտեմբերի 9-ին հայկական կողմի ջանքերով դեկտեմբերի 9-ը ճանաչվել է ցեղասպանությունների զոհերի միջազգային օր, բանաձեւեր են նախաձեռնվել: Հերթականը ներկայացվել է ՄԱԿ-ի` մարդու իրավունքների հանձնաժողով, որի քննարկումը կշարունակվի համաճարակի ավարտից հետո: Հայաստանը նաեւ ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ ֆորում է նախաձեռնել: Այս տարի կանցկացվի չորրորդ ֆորումը: