Այսօր՝ ապրիլի 21-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները Վահան գյուղի սեփական տան մեջ հայտնաբերել են տանտիրոջ՝ 66-ամյա Լյովիկ Բարսեղյանի դին: Դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ մահացածի գլխին կան կացնի մի քանի հարվածի հետքեր:

Մարզի ոստիկանները կարճ ժամանակում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նա ուղևորվում է դեպի Սևան և արդեն Լճաշեն գյուղի վարչական տարածքում դարանակալելով՝ Սևանի ոստիկանների ու քննիչների հետ կարողանում են պրոֆեսիոնալ ձևի վնասազերծել Վահան գյուղի բնակիչ, 62-ամյա Պետիկ Դեմիրճյանին, իրավապահները կարողացել են ճիշտ գործել, քանի որ նրա մոտ եղել է 2 մարտական նռնակ՝ իր պայթուցիչներով:

Փաստի  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչի որոշմամբ կասկածյալ Պ. Դեմիրճյանը ձերբակալվել է: Աղբյուրի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք կացինը: