ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ միգրացիոն արգելքը կստորագրվի 60 օրով եւ վերաբերում է «գրին քարտերի» համար դիմողներին, ինչի նպատակն է պաշտպանել ամերիկացիներին, որոնք փորձում են կրկին աշխատանք գտնել, որը կորցրել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով, հայտնում է Reuters- ը:

Թրամփը նախատեսում է արգելք մտցնել գործադիր կարգադրության տեսքով, որը, ըստ նրա, ամենայն հավանականությամբ, կստորագրի չորեքշաբթի օրը:  Ըստ Միացյալ Նահանգների նախագահի` այդ արգելքը չի տարածվում ժամանակավոր հիմունքներով Միացյալ Նահանգներ մուտք գործող անձանց վրա: Արգելքը կվերանայվի 60-օրյա ժամկետից հետո:

Թրամփը հայտարարել է, որ ներգաղթի դադարեցումը «գործազուրկ ամերիկացիներին առաջին պլան կմղի աշխատանք ստանալու համար», երբ երկրի սահմանները բացվեն:
«Սխալ եւ անարդար կլիներ վիրուսի պատճառով աշխատանքն ամերիկացիների համար փոխարինել արտասահմանից ներգաղթյալների նոր ալիքով: Առաջին հերթին մենք պետք է հոգ տանենք ամերիկացի աշխատողների մասին»,- ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին: ԱՄՆ նախագահը նշել է, որ ներգաղթի արգելքի հարցում որոշ բացառություններ կլինեն, եւ նա կարող է այն եւս 60 օրով կամ ավել երկարաձգել: 

2016-ին Միացյալ Նահանգների նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումների թվում էր նաեւ ներգաղթի վերացումը: Նախագահի քաղաքականության քննադատներն այս հայտարարությունը կորոնավիրուսային համաճարակն իր երկար սպասված քաղաքական նպատակին հասնելու համար օգտագործելու փորձ են համարել: Միացյալ Նահանգների Նախագահի այս հրամանը դատական գործընթացի կարող է հանգեցնել, հայտնում է գործակալությունը:

Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը քննարկում է H-1B տիպի վիզայի (օտարերկրյա տուրիստական վիզա, որը թույլ է տալիս ամերիկյան ընկերություններին արտասահմանցի աշխատողի վարձել մինչև վեց տարի ժամկետով) դիմորդներին ներառող առանձին որոշման ընդունումը:

Թրամփը հաստատել է, որ քննարկվում է նաեւ այս կարգադրությունը:
Համաձայն Սպիտակ տան աղբյուրի, առաջին հրամանում  («գրին քարտի» հետ կապված) բացառություն կարվի այն անձանց համար, ովքեր ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում, այդ թվում` ֆերմերային տնտեսությունների աշխատողների եւ նրանց համար, ովքեր օգնում են ապահովել սննդամթերքի մատակարարումը Միացյալ Նահանգներ: