ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հարվարդի համալսարանը «գումար է վերցրել» դաշնային կառավարությունից Փոքր բիզնեսի համար նախատեսված աշխատավարձների պաշտպանության ծրագրի շրջանակներում եւ ինքը կխնդրի հետ վճարել այդ գումարը, հայտնում է Fox News-ը:

«Հարվարդը պետք է վճարի գումարը: Նրանք չպետք է այն վերցնեին»,- երեքշաբթի օրն ասել է ԱՄՆ նախագահը:

«Ես չեմ պատրաստվում անուններ տալ, բայց երբ ես տեսա Հարվարդը, նրանք ստանում են երկրի ամենամեծ նվիրատվություններից մեկը եւ, հավանաբար` աշխարհի... Նրանք պետք է վճարեն այդ գումարը», - ասել է ԱՄՆ նախագահը:

Իր հերթին, Հարվարդի համալսարանը հերքում է, որ դիմել է կորոնավիրուսից տուժած փոքր բիզնեսի համար նախատեսված ֆինանսական աջակցության համար, եւ նշել է, որ ֆինանսական միջոցները ստացել է առանձին հիմնադրամի շրջանակներում` ակադեմիական հաստատությունների համար CARES օրենքի համաձայն: