Ապրիլի 21-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերներին եւ դրա հետեւանքով սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին: Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ համավարակի եւ դրա հետեւանքների շուտափույթ հաղթահարման գործում:
Երկուստեք կարեւորվեց համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ փոխօգնության, փորձի փոխանակման եւ քաղաքացիների եւ հատկապես՝ ուսանողների՝ իրենց հայրենիք անարգել ու ապահով տեղափոխման ուղղությամբ: Զոհրաբ Մնացականյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի իշխանություններին առողջապահական եւ այլ ոլորտներում ցուցաբերած աջակցության համար:
Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին նաեւ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի` վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թիրախային ոլորտներում եւ գործնական քայլեր ձեռնարկելու հայ-հնդկական կապերի հետագա աշխուժացման համար:
Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարարները նաեւ մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային հրատապ հարցերի շուրջ:




























