Ազգային ժողովն այսօր` ապրիլի 22-ին արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց:

Նախագծերից մեկը ներկայացվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կողմից, իսկ մյուսը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից:

Արտահերթ նիստի առաջարկը եղել է ընդդիմադիր խմբակցության կողմից, որին ԱԺ խորհուրդը հավանություն է տվել:

Երկու նախագծերն էլ վերաբերում են Հարկային օրենսգրքում փոփոխություններին:

Միքայել Մելքումյանի նախագծով առաջարկվում է մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները եւ ամրագրել, որ ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով:

Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծն էլ նպատակ ունի մեղմել տնտեսական հետևանքները։ Մասնավորապես, առաջարկվում է, որ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպությունների կողմից ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, կամ ամորտիզացիոն մասհանումների չափաբաժինն ըստ տարիների սահմանվում է շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի` յուրաքանչյուր տարվա համար տրվող հաշվետվության միջոցով:

Նշենք, որ երկու նախագծերն էլ պետք է անցնեն առաջինից երկրորդ ընթերցում, այսինքն վաղը եւս ԱԺ նիստ կանցկացվի, որպեսզի օրինագծերն ամբողջությամբ ընդունվեն»: