ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Չինաստանի հետ առեւտրային գործարքը լուծարել՝ այն դեպքում, եթե երկիրը իր պարտավորությունները չկատարի կորոնավիրուսի համավարակի ֆոնին, որի աղբյուրն է եղել, հայտնում է Business Standard-ը:
Առեւտրային գործարքի առաջին փուլը, որի համաձայն Չինաստանը ԱՄՆ-ում պետք է ձեռք բերի 200 մլրդ դոլարի արտադրանք, առաջ է ընթանում ըստ ծրագրի: Այդուհանդերձ, ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տնտեսական դրության եւ անվտանգության ամփոփման հարցերով հանձնաժողովն իր զեկույցում նշել է, որ Չինաստանը կարող է համաձայնվել համաձայնագրի այն կետին, որը թույլ է տալիս 2 երկրների միջեւ նոր առեւտրային խորհրդակցություններ անցկացնել՝ «տարերային աղետի կամ այլ անկանխատեսելի իրադարձության դեպքում»:
Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը լրագրողի այն հարցին, թե որքանո՞վ է վստահ, որ Չինաստանը չի պատրաստվում օգտվել առեւտրային համաձայնագրում հիշատակված տարերային աղետի մասին սողանցքից, պատասխանել է. «Եթե դա տեղի ունենա, մենք կհայտարարենք լուծարման մասին, եւ մենք կանենք այն, ինչը ես կարողանում եմ ամենից լավ անել»:
«Ոչ մեկը Չինաստանի հետ ավելի խիստ չի եղել, քան ես»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ Չինաստանը «երկար տարիներ շարունակ ԱՄՆ-ին կողոպտել է», մինչեւ նա նախագահ ընտրվեց:





























