«Վանաձոր» ՔԿՀ-ում 20 կալանավոր դիմել են հացադուլի՝ կապված դատավարական գործընթացների երկարաձգման խնդրի հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտնեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Ես որպես իրավաբան հայտարարում եմ, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մարդու կյանքն ու առողջությունը բացարձակ իրավունքներ են, ենթակա չեն սահմանափակման որեւէ պատճառով։ Ցանկացած հայի կյանքը մեզ համար թանկ է։ Խնդրում եմ արագ արձագանք՝ իրավասու մարմինների կողմից։ Առավել եւս խոսքը վերաբերում է այն անձանց, որոնք ոչ թե դատապարտյալ են, այլ դեռ մեղադրվում են, որոնց ուղեցկում է անմեղության կանխավարկածը»,- ասաց պատգամավորը։

Ավելի վաղ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնել էր, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում 14 կալանավոր հացադուլ են անում։ Նրանցից 10-ը ՔԿՀ պետին դիմում է գրել՝ բողոքելով, որ իրենց վաղաժամկետ չեն ազատում։ Մյուս 4-ի բողոքը կապված է նախկինում դատախազության անօրինական գործողությունների հետ, որի արդյունքում, նրանց պնդմամբ, անօրինական որոշումներ են կայացվել իրենց նկատմամբ։