Հայաստանը հանդիսանալով ԵՏՄ անդամ, հանդիսանալով ՌԴ ռազմավարական գործընկերը պետք է ունենա գազի համար հնարավորինս էժան գներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությանը։
«Գազի գնի վերաբերյալ ռուսական կողմի հայտը, հենց հաջորդ օրն եմ հայտարարել, որ «Հանրային ծառայությունները կարգավորող» հանձնաժողովը պետք է մերժի։ Ելնելով այն հանգամանքից, որ նախ միջազգային շուկայում նավթագազային մթերքն էժանացել է, եւ նաեւ այն հանգամանքից, որ մենք խորը ճգնաժամի մեջ ենք։ Եթե մենք գտնվում ենք գործընկերային մեկ հարթությունում, չենք կարող մեր գործընկերների նկատմամբ, այն էլ ճգնաժամի պայմաններում նման մոտեցումներ դրսեւորել եւ այո ռուսական կողմը պետք է իր հայտը հետ վերցնի եւ տանի: Եթե չտանի, պետք է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժի այդ հայտը, որովհետեւ գազի գնի մասին հիմա խոսելը կամ հայտ ներկայացնելն ընդհանրապես ոչ առկա իրողությունների հետ կապ ունի, ոչ միջազգային շուկայի, ոչ էլ մեր դաշնակցային հարաբերությունների»,-ասաց պատգամավորը։











