Ամբողջ աշխարհում հագավիժում է գազի գինը, իսկ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն այս համավարակի ժամանակահատվածում որոշել է չհրաժարվել գազի գինը բարձրացնելու որոշումից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, ԱԺ-ում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ թանկացած գազը ուղիղ եւ շղթայաբար ազդելու է տնտեսության բոլոր ճյուղերի վրա եւ հանգեցնելու է գնաճի. «Այսինքն Ռուսաստանն այս ճգնաժամային իրավիճակում ոչ միայն չի աջակցում իր ռազմավարական գործընկերոջն ու ԵՏՄ անդամ Հայաստանին, այլեւ իր այս որոշմամբ հավելյալ ռիսկեր է ստեղծում Հայաստանի տնտեսության համար: Ընդ որում, դա  արվում է չափազանց վատ տոնով եւ հիմնավորումներով:

Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ըստ էության խոստովանեց, որ գազի գնի բարձրացումը ՌԴ-ի կողմից պատասխան քայլ է ՀՀ-ում օրինականության հաստատմանն ուղղված գործընթացներին»,-ասաց նա:

Բաբաջանյանը հավելեց, որ ՀՀ-ին մատակարարվող գազի գինը այն որպես ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ որպես մահակ օգտագործելու իրողությունը արդյունք է Հայաստանի նախկին իշխանությունների կողմից կնքված գազային խայտառակ համաձայնագրի, եւ ՀՀ ներքին գազաբաշխման համակարգը ամբողջությամբ «Գազպրոմին» հանձնելու հանցավոր որոշման:

«Հասկանալի է, որ միանգամից դրանք չեղարկելը կամ վերանայելը չափազանց բարդ է՝ կապվծ միջպետական հարաբերությունների բազմաթիվ խութային ասպեկտների հետ:Մենք որպես Ազգային ժողով, ՀՀ իշխանությունն ընդհանուր առմամբ, պետք է մտածենք այդ մասին՝ այդ խայտառակ  համաձայնագիրը վերանայելու մասին: Ընդ որում դրան պետք է անդրադառնանք ոչ միայն հայ-ռուսական երկկողմ հարաբերությունենրի, այլեւ ԵՏՄ-ում մեր անդամակցության համատեքստում:

Մենք շարունակում ենք անդամակցել մի միության, որի գլխավոր շահառուն՝ Ռուսաստանը,  նաեւ տնտեսական հարցերում մեր նկատմամբ դրսեւորում է ոչ դաշնակցային մոտեցում»,-ընդգծեց նա: