Հայկական կողմը պետք է սառը դատի այդ իրավիճակում եւ հանկարծ թույլ չտա, որ ստեղծված իրավիճակն օգտագործեն՝ հակառուսական տրամադրություններ գեներեացնելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությանը:

Լրագրողի դիտարկմանը՝ գուցե հայկական կողմի համար նպատակահարմար չէ այս փուլում ներկայացնելը, եթե հայկական կողմն ասում է, որ ճշգրտում է գնում, Աբովյանն ասաց. «Դժվար է գնահատական տալ, քանի որ մեր բանակցային պրոցեսի մեջ չենք, բայց քանի որ գոյություն ունի բավական լուրջ հանրային պահանջ եւ հայտարարություն է արվում ԱԳՆ-ից կողմից՝ գիտեք հարգելի ժողովուրդ ջան, մենք ոչ մի բան չենք թաքցրել եւ եղել ենք բաց։ Եթե դուք եղել եք միշտ բաց, ապա հստակ հայտարարություն՝ մենք փուլային տարբերակ չենք քննարկում։ Կարեւոր է մի կողմից դուրս գալ դավադրությունների տեսությունից եւ հասկանալ՝ այո, դիվանագիտական շատ լուրջ պրոցես է գնում։ Մյուս կողմից էլ հասկանալ, որ այդ պրոցեսի շուրջ ծավալվող իրադարձությունները չպետք է կողմնակի վնաս տան նաեւ մեզ»։

Լրագրողի դիտարկմանը, որ Լավրովի հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը խանդավառության մեջ է, պատգամավորն ասաց.

«Կոնտր արդյունավետ է քննարկել եւ փորձել վերլուծել ադրբեջանական կամ թուրքական կողմի հայտարարությունները։ Գոյություն ունի հստակ գաղափար, որ ադրբեջանական կամ թուրքական կողմը երբեք չեն կարող օբյեկտիվ վերլուծական տալ հանրային դաշտում։ Մենք պետք է սառը դատենք այս իրավիճակում եւ հանկարծ թույլ չտանք, որ այս իրավիճակն օգտագործեն՝ հակառուսական տրամադրություններ գեներեացնեն։ Մենք մեր հարցերը չպետք է բարդացնենք»։

Աբովյանի խոսքով՝ համանագահները չունեն ստիպելու կամ պարտադրելու մանդատ. «Նրանք մոդերատոր են։ Եթե նույնիսկ կոնսուլտացիաներ, ապա այդ կոնսուլտացիաները գնում են ինչ-որ հարցի շուրջ, իրենք հո չե՞ն նստում, չայ խմում ու զրուցում»։

Պատգամավորը նշեց, որ Արցախի հարցի շուրջ բանակցելու ֆունդամենտի խնդիր կա. «Ինչի՞ վրա մենք հենվում ենք ի սկզբանե երբ գնում ենք բանակցության. ԲՀԿ-ի ֆունդամենը հետեւյալն է. Արցախի Հանրապետության ժողովրդավարական գոյությունը որպես անկախ պետություն դե ֆակտո ոչ մեկ չի հերքում, դա հիմք դարձնել դե յուրե»։