Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 22-ի իր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց օրակարգում ընդգրկված երկու նախագծերը:
Հիշեցնենք, որ նախագծերից մեկը ներկայացրեց է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, իսկ մյուսը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Երկու նախագծերն էլ ընդունվեցին միաձայն:
Երկու նախագծերն էլ վերաբերում են Հարկային օրենսգրքում փոփոխություններին:
Միքայել Մելքումյանի նախագծով առաջարկվում է ամրագրել, որ ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով:
Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագծով էլ առաջարկվում է, որ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպությունների կողմից ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, կամ ամորտիզացիոն մասհանումների չափաբաժինն ըստ տարիների սահմանվում է շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի` յուրաքանչյուր տարվա համար տրվող հաշվետվության միջոցով:
Նախապես որոշված էր, որ երկու նախագծերն էլ պետք է անցնեն առաջինից երկրորդ ընթերցում, սակայն Բաբկեն Թունյանը նշեց, որ իր նախագծի մասով 24-ամյա ռեժիմի առաջարկը հետ է վերցնում. «Մեկ շաբաթ, 10 օր մեզ ժամանակ տանք՝ հնչած առաջարկները եւս մեկ անգամ քննարկելու»,-ասաց նա:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատգմավորներին տեղեկացրեց, որ մոտավորապես ժամը 17.30-ի սահմաններում նորից կհավաքվեն՝ քննարկելու Մելքումյանի ներկայացրած նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:




























